Рубрика: Без рубрики, հայրենագիտություն

ԲԻԱՑՆԱ ԵՐԿՐԻ ԱՐՔԱՆԵՐ․ Մենուա և Արգիշտի Առաջի

Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես և Տիգրան…

Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, Ռուբինյաններ…

Անունների այս շարքը կարելի է շարունակել: Նրանցից շա­տերը մեզ ծանոթ են: Այդ անուններով փողոցներ են կոչվում, հրապարակներ, անգամ քաղաքներ, ինչպես, օրինակ, Արտաշատն ու Վաղարշապատը:

Հայոց արքաների և արքայատոհմերի անուն­ները այսօր էլ շարունակում են ապրել:

Արքաների կամ արքայատոհմի անուններից բացի կարող ենք հիշատակել նաև զորավար­ների, գործիչների, ազգային շատ հերոսների անուններ:

Ինչու ենք մենք, սակայն, միևնույն շարքում նշում արքային ու զինվորին, պետության հիմնադրին ու շարքային ծառայողին: Ինչն է նրանց միավորում, ինչն է ընդհանուր տարբեր ժամանակներում ու տարբեր պայմաններում ապրած այդ մարդկանց համար: Նրանց բոլորին միավորել է մի մեծ նպատակ՝ հայրենի երկիրը շենացնելն ու հզորացնելը:

Դեպի այդ նվիրական նպատակը տանող ճանապարհին ար­քաներն ու առաջնորդներն ունեցել են բազմաթիվ հետևորդներ և գաղափարակիցներ: Նրանցից շատերի անունները մենք չգի­տենք, բայց առանց այդ մարդկանց նվիրումի, անձնազոհության և հավատարմության որևէ իշխան, առաջնորդ կամ ղեկավար չէր կարող հասնել իր նպատակներին: Նրանց բոլորին՝ ազնվա­կանին, մտավորականին, հոգևորականին, զինվորին ու շինականին միասին անվանում են ժողովուրդ: Որպեսզի ժողովուրդը կարողանա միավորվել, կազմակերպվել և հասնել իր նպատակներին, նրան անհրաժեշտ է միավորող ու առաջնորդող ուժ՝ անհատ կամ կազմակերպություն: Ժողովրդին կազմակերպող ու առաջնորդող այդպիսի դեր է կատարում պետությունը: Հայոց մեծազոր արքաների գլխավոր նպատակը նախևառաջ պետու­թյան ամրապնդումն ու հզորացումն է եղել: Դրա համար էլ նրանք մեկընդմիշտ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և օրինակ ծառայել հետագա սերունդների համար:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաք­ներից է: Նրան տարեկից քիչ քաղաքներ կան: Այդպիսին է, օրինակ, Հռոմը, որը Երևանից քիչ ավելի ուշ է հիմնադրվել: Հռոմի հիմնադրման մասին միայն բանավոր ավանդապատումներ կան, իսկ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը: Այն գրվել է քաղաքի հիմնադրի՝ Արգիշտի I արքայի հրամանով Ք. ա. 782 թվականին:

Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր:

Վանի թագավորությունը Հայ­կական լեռնաշխարհում ստեղծ­ված մեծ պետություն էր, որ կա­րողացավ միավորել լեռնաշխար­հի համարյա ամբողջ տարածքը:

Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, այսինքն՝ մեզանից ավելի քան 28 դար առաջ, «Նաիրի երկրի արքա» Սարդուրի I-ը հիմնեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Այդ մասին թողած արձանագրություններում նա ներկայանում է որպես մեծ արքա, հզոր արքա, արքաների արքա: Վանի թագավորության հզորացման գործում նշանակալի դեր ունեցան Սարդուրի I-ի հաջորդ Իշպուինի արքան և հատկապես Մենուան: Սկզբում Մենուան կառավարում էր իր հոր՝ Իշպուինի արքայի հետ միասին: Այսինքն Իշպուինին արքայազն Մենուային դարձրել էր իր գահակիցը’ այդ կերպ սովորեցնելով նրան պետության կառա­վարման դժվարին գործը: Որոշ ժամանակ հետո արքան իր մյուս որդու հետ սկսեց վարել երկրի կրոնական հոգևոր գործերը, իսկ Մենուան դարձավ Վանի թագավորության միանձնյա գահակալը:

Մենուայի միանձնյա կառավարման ժամանակաշրջանում (Ք. ա. 810-786 թթ.) Վանի թագավորությունը չտեսնված հզորության հասավ: Մենուայի հաղթական արշավանքների շնորհիվ Հայկա­կան լեռնաշխարհի մեծագույն մասը միավորվեց մեկ միասնական պետության մեջ: Արարատյան թագավորությունն այնքան հզորա­ցավ, որ կարողացավ իր հսկողության տակ առնել երկրից դեպի հարավ, արևելք ու արևմուտք տանող կարևոր ճանապարհները: Մենուա արքայի օրոք Տուշպա (Վան) մայրաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարելու համար կառուցվեց մոտ 72 կմ երկարությամբ ջրանցք, որը մինչև օրս էլ գոյություն ունի:

Реклама
Рубрика: Без рубрики, հայրենագիտություն

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը հայ ժո­ղովրդի ազգային մեծ բանաստեղծն է:

Ժողովուրդը նրան անվանում է «Ամենայն հայոց բանաստեղծ»: Նա ծնվել է 1869 թ.

Լոռու Դսեղ գյուղում: Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, զրույց­ներ ու հեքիաթներ, քառյակներ, պատ­մվածքներ, ակնարկներ և այլն:

Թումանյանը անսահման հարազատ է յուրաքանչյուր հայի: Քանի որ նա գրել է և մեծերի, և փոքրերի համար, նրա ստեղ­ծագործությունները հայ մարդուն ուղեկ­ցում են իր ամբողջ կյանքի ընթացքում:

Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում…

Տարիներ հետո նա պիտի դառնա

Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…

Պարույր Սևակ

Թումանյանը անսահման հայրենասեր մարդ և բանաստեղծ էր: Նա իրենն էր համարում հայրենիքի և վիշտը, և ուրախությունը: Հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանը իր հուշերում պատմում է մի դրվագ Թումանյանի կյանքից: Նա ներկայացնում է իրենց այցելությունը Անի: «Մոտենում ենք Անիի հոյակապ պարիսպներին,- գրում է Իսահակյանը,- Օհաննեսը հուզված է, ոչինչ չի ասում, միայն արագացնում է քայլերը’ հայացքը շարունակ պարիսպներին: Նա հիացմունքով դիտում էր ամեն մի բեկոր’ արվեստի կնիք կրող: Լուռ, մտասույզ թափառում էր’ անցյալի հետ ներքին խոսակցությամբ տարված, կանգնում էր հրաշակերտ
շենքերի առաջ, հայացքը լարած նայում էր սյուներին, կամար­ներին, քանդակներին, ապա աչքերը գոցում, կարծես մի երաժշտություն էր լսու՝’ ոչ սովորական, ոչ այս աշխարհից։

….Երբ պարիսպներից դուրս էինք գալիս արդեն, Օհաննեսը վերջին անգամ նայեց Անիին և ասաց. «Ինչքան մարդ պիտի անբան-անասուն լինի, որ ձեռք բարձրացնի այս հրաշալիքների վրա։ Միթե այս գեղեցկությունը պիտի մեռնի առանց հետք թողնելու հայկական և ուրիշ ժողովուրդների արվեստի վրա»։

Рубрика: Без рубрики, հայրենագիտություն

Արամազդ

Արամազդը հայկական դիցարանի գերագույն աստվածն է` երկնքի և երկրի ստեղծողը, աստվածների ու դիցուհիների հայրը, պտղաբերության հովանավորը:
 
Արամազդին մեծարել են Արի, Իմաստուն, Մեծն, Հզոր և Ամենազոր տիտղոսներով: Արամազդի պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից՝ հավանաբար մ. թ. ա. VI–V դարերում: Նրան նվիրված տաճարներ են կառուցվել Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոցում, Վասպուրականի Անձևացյաց գավառի Պաղատ լեռան վրա՝ «Տունն Արամազդա և Աստղկան» անունով: Նրան նվիրված տոնը կատարել են Ամանորին՝ Նավասարդին (օգոստոս). այդ օրը տեղի էին ունենում նավասարդյան խաղեր ու մրցումներ: Արամազդին զոհաբերել են սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդի անունով է կոչվել հայկական հեթանոսական տոմարի (Բուն Հայկյան թվական) ամիսների 15-րդ օրը: 
Հայաստանում հելլենիզմի տարածման շրջանում (մ. թ. ա. III – մ. թ. I դարեր) Արամազդին փոխարինել է հունական Դիոս-Զևսը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Արամազդի մեհյաններն ու արձաններն ավերել են:
Հայոց դիցարանի աստվածներն Արամազդի զավակներն են:
Արամազդը համապատասխանում է պարսկական Ահուրամազդային, հունական Զևսին, հնդկական Ինդրային, հռոմեական Յուպիտերին: 
Рубрика: Без рубрики, հայրենագիտություն

Առասպել Բյուրակն լեռան մասին

Հայաստանում բարձր ու սիգապանծ մի լեռ կար: Նրա սիգապանծ լանջերից հազարավոր աղբյուրներ են ժայթքում: Բայց Հայկական լեգենդներում ու առասպելներում կենարար ջուրը հաճախ է գովաբանվում: Հայաստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիսկ Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է:

Մի օր մի խարտիշահեր աղջիկ որոշել էր ուրց հավաքել այդ սարի լանջից: Երբ մի քիչ արդեն հավաքել էր, հոգնություն զգաց և նստեց առաջին պատահած աղբյուրի մոտ: Այդ ժամանակ աղբյուրին է մոտենում կուրծքը վիրավորաված մի կաքավ: Վիրավոր թռչունը խմում է աղբյուրի ջրից և իսկույն ապաքինվում: Ապշահար ու զարմացած աղջիկը ամենուր բոլորին պատմում էր իր տեսած հրաշքի մասին: Բայց մարդիկ թերահավատորեն էին լսում աղջկա պատմածը. նրանց թվում էր, թե աղջկա պատմածը մտացածին է: Բայց աղջիկն անվերջ պնդում էր իր ասածը: Եվ մարդիկ որոշում են փնտրել այդ աղբյուրը: Նրամք աղջկա հետ սկսում են շրջել սարալանջով, լեռան տարբեր կողմերն են անցնում, փնտրում են աղբյուրը լուսաբացից մինչև ճրագալույց, բայց ապարդյուն. աղջիկը բյուրավոր աղբյուրների մեջ՝ չէր կարողանում կողմնորոշվել, թե որն է այն հրաշք ակը:

Նա արդեն շատ էր հոգնել և հուսաբեկ նստեց մի քարի վրա ու ասաց.

— Բյուր՛ակն, հազ՛ար ակն, ես ինչպ՞ես գտնեմ, թե ո՛րն էր այն ակը:

Այդ օրվանից հետո լեռը կոչեցին «Բյուրակն»:

 

Рубрика: Без рубрики, հայրենագիտություն

Իմ հավատը, իմ եկեղեցին

Ձեր բնակավայրում կամ նրա շրջակայքում կան եկեղեցիներ: Հաճախ ես եկեղեցի գնում: Ի՞նչ զգացողություններ ես ունենում այնտեղ:

Մեր հայրենիքի գյուղերում ու քաղաքներում շատ եկեղեցիներ կան: Հաճախ նրանք գտնվում են գեղատեսիլ և բարձրադիր վայրերում: Այդ կառույցների մի մասը, մանավանդ եթե մարդա­շատ քաղաքներում են կառուցված, մեծ, ընդարձակ տաճարներ են: Կան նաև փոքրիկ կառույցներ, որոնց մատուռ են անվանում: Եկեղեցիները սովորական շենքեր չեն, դրանք հոգևոր իմաստ ունեցող շինություններ են, հետևաբար մարդիկ սիրով ու խնամքով են վերաբերվում դրանց:

Այսպիսով, մենք ունենք մեր երկիրը՝ Հայաստանը, որը բոլոր հայերի Հայրենիքն է, ունենք մեր լեզուն՝ հայերենը, ունենք նաև մեր հավատն ու եկեղեցին:

Ավելի քան 1700 տարի է անցել այն օրվանից, երբ հայերը Տրդատ Մեծ թագավորի և Գրիգոր Լուսավորիչ հայրապետի գլխավորությամբ քրիստոնեություն ընդունեցին: Հայերից հետո քրիստոնեություն ընդունեցին շատ ժողովուրդներ: Քրիստո­նյաներ են հույները, վրացիները, ռուսները, գերմանացիները, իտալացիները և ուրիշներ: Այժմ աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ իրեն քրիստոնյա է համարում: Մենք էլ՝ հայ քրիստոնյաներս, այդ հսկայա­կան հանրության մի մասն ենք: Հայոց եկեղեցին կոչվում է Հայ առաքելական եկեղեցի: Հարյուր­ամյակներ շարունակ Հայոց եկեղեցին ազգապահպան մեծ դեր է կատարել, հատկապես, երբ հայ ժողովուրդը պատմական հանգամանքների բերումով զրկվել է պետականությունից: Հայոց եկեղեցին պահպանել ու մեզ է հասցրել մշակութային բազում արժեքներ, ազգային սովորույթներ, ծեսեր և տոներ:

Բացի այդ, մեր հայրենիքի տարբեր անկյուններում եղած բազմաթիվ եկեղեցիները, տաճարները, վանքերը հայ մշակու­թային ժառանգության և Հայ առաքելական եկեղեցու անբաժան մասն են, անգամ եթե այդ շինություններն այսօր կանգուն չեն կամ Հայաստանի ներկայիս տարածքից դուրս են: Պատահական չէ, որ օտար տիրապետողները հաճախ են քանդել հայկական եկեղեցիները կամ վերածել մզկիթի, պահեստի, քանի որ հասկացել են, որ եկեղեցին կարևոր դեր ունի ժողովրդի կյանքում: Եկեղեցիները կարող են վնասվել նաև մեր երկրում, եթե մենք անփույթ ու անխնամ վարվենք նրանց հետ, մեր ուժերի ներածին չափով մասնակից չլինենք նախորդ սերունդների ստեղծած և մեզ ժառանգություն հասած հարստության պահ պանմանը: Հետևաբար մենք պետք է սիրենք ու պահպանենք մեր եկեղեցիները, տաճարները, վանքերը, մեր ազգային հոգևոր հարստությունը:

Рубрика: Без рубрики, հայրենագիտություն

Իմ հայրենի փոքրիկ անկյունը

Ծագումով որտեղի՞ց ես: Այս հարցը հաճախ կարելի է լսել, երբ ծանոթանում են նույն ազգությանը պատկանող երկու մարդ: Դրանով հարց տվողը կարծես ցանկանում է ավելի լավ ճանաչել զրուցակցին:

Օրինակ, եթե մարդը ծագումով գյումրեցի է, ապա նա պետք է որ շատ կատակասեր լինի, լոռեցիները հայտնի են որպես միամիտ մարդիկ, գավառցիները սիրում են օղի խմել, վանեցիների մասին ասում են, թե իբր նրանք ժլատ են և այլն: Բոլոր այս հատկանիշները մի քիչ չափա­զանցված են և ներողամիտ հու­մորով են նշվում: Այդ կարգի զվարճապատումները, ուրախ զրույցները, կատակները ասվում են սիրով և բարի ժպիտով: Բայց պետք է միշտ հիշել, որ այս ամենը բարի կատակի սահմաններից չպետք է անցնի: Չմոռանանք, որ ծաղրանքն ու նվաստացուցիչ ար­տահայտություններն այդ դեպքում կարող են վիրավորել քո ազգակցին:

Մեր ժողովուրդը իր շատ սի­րելի հերոսներին՝ Սասնա դյուցա­զուններին ծուռ է անվանում, որը նշանակում է խենթ: Բայց դա չի նշանակում, թե այդ բառի մեջ վիրավորանք կա: Ընդհակառակը, ծուռ բառի մեջ հայ ժողովուրդը դրել է իր դրական վերաբերմունքը’

Նկատի ունենալով էպոսի հերոս­ների ծայրահեղ ազնվությունը, չափազանց միամտությունը: Այդ պատճառով հերոսները երբեմն հայտնվում են շատ ծիծաղելի իրավիճակներում: Օրինակ, երբ պատանի Դավթին գառնարած են դարձնում, նա երեկոյան հավաքում ու գառների հետ քաղաք է բերում նաև անտառի բոլոր կենդանիներին:

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,

Եչավ Սասունի սարերն աննըման.

Որ կանչեց, նըրա ձենից ահավոր

Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,

Վայրի գազաններ բըներից փախան,

Դավիթը ընկավ նըրանց ետևից,

Որին մի սարից, որին մի ձորից — Աղվես, նապաստակ, գեչ, եղնիկ բըռնեց,

Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,

Իրիկվան քշեց ողջ Սասմա քաղաք:

Քաղքըցիք հանկարծ մին էչ էն տեսան’

Գափս են հըրես անհամար գազան.

«Վայ, հարա.յ, փախեք…»

Մեծեր, երեխեք Սըրտաճաք եղած,

Գործները թողած,

Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,

Ու ամուր փակեց դուռն ու Լուսամուտ:

Հովհաննես Թումանյան

Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է նշում իր ծննդավայրի՝ իր փոքրիկ հայրենիքի մասին: Դա այն բնակավայրն է՝ գյուղը, քաղաքը, որտեղ մարդը ծնվել և մեծացել է: Մեր հպարտությունը բնական ու հասկանալի է. չէ[ որ մեր ծննդավայրի ամեն մի փողոց, շենք, ծառ ու թուփ մեզ լավ ծանոթ է: Մեզ հարազատ ու հասկանալի են նաև այն խոսվածքը (բարբառը), կենցաղն ու սովորությունները, որ ունեն մեր ծննդավայրի մարդիկ: Հաճախ այնպես է պատահում, որ մարդիկ հեռանում են իրենց ծննդավայրից, ասենք գնում են գյուղից քաղաք կամ մեկնում են այլ երկիր: Բայց նույնիսկ այն դեպքում, երբ մարդը փոխում է իր բնակավայրը, միևնույն է, նա իրեն համարում է այնտեղացի, որտեղ որ ինքը ծնվել է: Հետա­քրքիր է, որ կարելի է հանդիպել նաև շատ մարդկանց, որոնք ծնվել, մեծացել են Երևանում, սակայն իրենց համարում են վանեցի, մշեցի, գյումրեցի, սյունեցի հենց միայն նրա համար, որ իրենց նախնիները (պապերը) ծագումով այնտեղից են:

Հարազատ բնակավայրի հիշողությունը ամբողջ կյանքում ուղեկցել է հայ գրականության մեծերին: Օրինակ, երբ մենք լսում ենք Մեծ լոռեցի արտահայտությունը, անմիջապես հաս­կանում ենք, որ խոսքը Հովհան­նես Թումանյանի մասին է: Եղիշե Չարենցի համար հայրենիքի հի­շողությունը կապված էր Կարսի հետ, Գուրգեն Մահարունը՝ Վանի, Վահան Տերյանինը՝ Ջավախքի, Ակսել Բակունցինը՝ Գորիսի, Համո Սահյանինը՝ Սիսիանի հետ և այլն:

Լոռին նահապետական մի ինքնամփոփ աշխարհ է. հեքիաթի, առասպելի մի վիպաշխարհ, դյուցազնական աշխարհ. նրա ամեն մի անկյունը ավանդավեպ, ամեն մի քարը՝  խոսող հերոսական անցյալից:

Рубрика: հայրենագիտություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

imagesCAXVHK78

Հայոց պատմական հայրենիքի մի հատվածում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը: Ինչպես հայոց պատմական հայրենիքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունը կրճատ անվանում են Հայաստան:

Հայաստանի Հանրապետու­թյունը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան բարձրադիր մասը: Այստեղ նույնպես, ինչպես Հայկական լեռնաշխարհի մյուս հատվածնե­րում, շատ են բարձր լեռները և արագահոս լեռնային գետերը:

Անտառապատ լեռնալանջերի բարձրադիր մասերում տարած­վում են ծաղկազարդ ալպյան մարգագետինները, իսկ ցածրա­դիր հարթավայրերում մեծ տա­րածքներ են զբաղեցնում ար­գավանդ հողերով խոտածածկ տափաստանները: Երկնքից կախված չորս հսկա զանգերի է նման քառագագաթ Արագածը’ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը (4090 մ): Արագածի լանջերը, դեպի հարավ իջնելով, աստիճանաբար ձուլվում են Արարատյան դաշտին:

Հյուսիսային և հյուսիսարևելյան կողմերից հանրապետությունը պարուրված է Վիրահայոց, Փամբակի և Սևանի լեռների երկա­րաձիգ շարքերով, իսկ հարավում վեր են խոյանում Զանգեզուրի լեռները: Դրանց միջև հոսում են Հրազդանը, Որոտանը, Դեբեդը և այլ մեծ ու փոքր գետեր:

Հայաստանի ընդերքը հա­րուստ է օգտակար հանածոնե­րով: Դեռ անհիշելի ժամանակ­ներից Հայկական լեռնաշխարհի տարբեր մասերում զբաղվել են մետաղաձուլությամբ: Գիտնականներից շատերը հա­մարում են, որ Հայաստանում են առաջին անգամ ձուլել բրոնզ և երկաթ:

Շենգավիթ և Արմավիրից ոչ հե­ռու գտնվող Մեծամոր հնավայ­րերում հայտնաբերված ձուլա­րանները, որտեղ շուրջ 5000 տարի առաջ զբաղվել են բրոնզի, ոսկու, հետագայում՝ երկաթի ձուլմամբ: Այժմ Հայաստանում շահագործվում են պղնձի, ոսկու, մոլիբդենի և այլ մետաղների մի քանի հանքավայրեր:

Մեր երկիրը հարուստ է նաև շինանյութերով: Արժեքավոր են բազմերանգ տուֆի, բազալտի, գրանիտի, մարմարի հանքավայրերը: Տուֆակերտ են Հայաստանի, այդ թվում՝ Երևանի բազմաթիվ շինություններ: Հենց այդ պատճառով էլ Երևանն անվանում են վարդագույն քաղաք:

Մեր ազգային հարստություններից են հանքային ջրերի մեծ պաշարները: Դրանք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս. Ջերմուկի, Բջնիի, Արզնու առողջարար հանքային ջրերը արտահանվում են շատ երկրներ:
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Ցանկացած երկրում ապրող յուրաքանչյուր հայ այսօր կարող է միաժամանակ Հայաս­տանի քաղաքացի դառնալ և, համախմբվելով մայր հայրենիքում, շենացնել ու հզորացնել մեր նահապետ Հայկի հիմնած տունը: Ինչպես գիտենք, Հայաստանում հայերից բացի ապրում են նաև այլազգիներ՝ եզդիներ, ռուսներ, հույներ և այլն:

Հայաստանի բնակչության գրեթե կեսը բնակվում է մայրա­քաղաք Երևանում: Իր մեծութ­յամբ հանրապետության երկ­րորդ քաղաքը Գյումրին է: Այն Հայաստանի հին քաղաքներից է, որտեղ պահպանվել են դեռևս պատմաճարտապետական ար­ժեք ունեցող կառույցներ: Գյում­րին նշանավոր է իր յուրօրինակ հումորով:

Փամբակ գետի անտառա­պատ հովտում է գտնվում հան­րապետության իր մեծությամբ երրորդ քաղաքը Վանաձորն է, Լոռու մարզկենտրոնը:

Հայաստանը հարուստ է բնական պաշարներով, որակյալ աշխատուժով, որոնք տնտեսական զարգացման համար խիստ կարևոր են: Երկրի տնտեսությասն զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև բարձր տեխնոլոգիաների, այդ թվում’ համակարգչային տեխնիկայի արտադրությունը: Տնտեսության մեջ աստիճանաբար իր ծանրակշիռ տեղն է վերականգնում նաև հանքարդյունաբերությունը:

Այս ամենը անշուշտ կհանգեցնի մեր հայրենիքի հետագա հզորացմանը և յուրաքանչյուրիս համար ցանկալի, ապահով ու բարգավաճ երկրի ստեղծմանը: Յուրաքանչյուր հայ մարդու համար նվիրական գործ պետք է դառնա հայրենիքը շենացնելը: