խորեն Աբրահամյան

խորեն Աբրահամյան

Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»:

Ապրիլի 1-ին ծնվել է խորհրդահայ կինոյի և թատրոնի ճանաչված դերասան Խորեն Աբրահամյանը:

Թաղամասը, ուր ծնվել ու մեծացել էր Խորեն Աբրահամյանը, բոլորին հայտնի «Ազիզբեկովի հրապարակն» էր, այժմ՝ Սախարովի անվան: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող, իր ուրույն նկարագրով, մարդկային ուշագրավ բնավորություններով աչքի ընկնող, «էրգրից» ու Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած մարդկանց կենցաղի ու սովորությունների խայտաբղետ ներթափանցումներով առանձնացող այս տարածքը մերձ էր «Մոսկվա» կինոթատրոնին, հեռու չէր «Կոմայգուց», որոնք իրենց դրոշմն էին դնում հատկապես դեռահասների նկարագրերի ու բնավորությունների վրա՝ նրանց մշտապես պահելով մայրաքաղաքում կատարվող իրադարձությունների կիզակենտրոնում:Դերասանը հաճույքով էր պատմում, որ իրենց բակն ապրում էր համերաշխ ընտանիքի պես’ տարբեր կենցաղի մարդկանց միավորելով-համախմբելով: Այդ բակում էին ապրում Գավառի թատրոնից եկած Վաղինակ և Անահիտ Դովլաթյանները, որոնց որդիներից մեկի՝ Ֆրունզե Դովլաթյանի հետ մանկությունից ընկերություն էր անում Խորեն Աբրահամյանը: Այստեղ էր ապրում իր համեստ նկարագրով, փոքր-ինչ արտառոց արտաքինով Հարություն Բաբաջանյանը, որի որդին՝  Առնոն, չնայած փոքր-ինչ մեծ լինելով բակի տղաներից, նրանց հետ ընկերություն էր անում: Այստեղ էր նաև Գաբրիելյանների ընտանիքը, որի ավագ որդին՝  Էմիլը նույնպես Խորեն Աբրահամյանի և մյուսների մանկության ընկերն էր: Միջավայրը չէր կարող իր ազդեցությունները չթողնել Խորեն Աբրահամյանի վրա, ուստի դեռ պատանությունից նա ներկայացնում էր յուրատեսակ ծայրահեղությունները՝  կյանքային, ակտիվ, երբեմն կռվազան էությանը համադրելով բարձր ինտելեկտուալիզմը:— Նրա կյանքի ակունքներում, կամ ինչպես ընդունված է ասել, նրա օրոցքի մոտ, կանգնած չեն եղել մտքի տիրակալներ և որոտաձայն մարգարեներ: Մայրը՝ տիկին Գոհարը, հեռավոր ընդհանրություններ ուներ արվեստի հետ, ավագ քույրը ուսումնասիրում էր օտար լեզուներ: Հոր վաղաժամ մահը, պատերազմական տարիների դժվարին մանկությունը և բռնցքամարտիկի ու վոլեյբոլիստի պատանեկությունը…անհետևանք չանցան ապագա դերասանի համար: Անհավանական իրադարձությունների մեջ էր ընկնում, պատահում էր նաև, որ կռվում էր, բայց որպես օրենք նա միշտ հաղթող էր: Սա մանրուք չէ կենսագրության մեջ: Սա դիրքորոշում է, սա սկզբունք է,- գրել է կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանը:

Պատանության տարիներին Խորեն Աբրահամյանը թատրոնով հրապուրված չէր, չնայած երբեմն-երբեմն ընկերների հետ գնում էր Սունդուկյանի անվան թատրոն: Նրա ու ընկերների սիրած վայրը «Մոսկվա» կինոթատրոնն էր, որի էկրանին հայտնվող ֆիլմերը նայում էին մի քանի անգամ: Անգիր գիտեր համաշխարհային կինոյի բոլոր մեծերին, որոնց մասնակցությամբ ֆիմերը ցուցադրվում էին Հայաստանում: Պաշտում էր Չապլինին, ում մասին միշտ խոսում էր մեծագույն զարմանքով և հիացմունքով: Արտասահմանյան մարտաֆիլմերը նրան մղում էին դեպի ուժի արվեստը՝  սպորտը: Դպրոցական տարիներին Խորեն Աբրահամյանը միանգամից զբաղվում է երկու մարզաձևով՝ վոլեյբոլ և բռնցքամարտ: Եվ ավարտելով միջնակարգ դպրոցը, արդեն որոշել էր կյանքի ճանապարհը. պիտի մարզիկ դառնար: Սակայն անսպասելիորեն Աբրահամյանն անհաջողության է մատնվում Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ և ընկերների հորդորով ու նաև «մարզական հետաքրքրությամբ»’ դիմում Թատերական ինստիտուտի դերասանական բաժին: Դերասանը հետագայում պատմում էր, որ իր ցանկությունն էր ընդամենը մեկ տարի այստեղ սովորելուց հետո’ նորից դիմել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Շատերի և իր համար անսպասելի’ թատերականում ընդունելության քննությունները հանձնեց գերազանց: Բարձր հասակը, գեղեցիկ ու արտահայտիչ դեմքը, մեծ աչքերը, հաճելի բարիտոնը այն նախադրյալներն էին, որոնք էլ հրապուրեցին քննական հանձնաժողովի անդամներին: Իսկ հանձնաժողովը գլխավորում էր խստապահանջ Արմեն Գուլակյանը, ով երբեք ուսանող չէր ընտրում միայն «արտաքին նշաններով»: Ընդունվելով Արմեն Գուլակյանի դասարան՝ Խորեն Աբրահամյանն իսկապես երջանիկ էր: Արմեն Գուլակյանը տարբերվում էր թատերական ինստիտուտի բոլոր մանկավարժներից իր սեփական դպրոցով, ուսուցման յուրօրինակ և արդյունավոր մեթոդաբանությամբ: Նա կարողացել էր հետաքրքիր ընտրություն կատարել ուսանողների շրջանում, իր արվեստանոց բերել մարդկանց, որոնցից շատերն հետագայում ընդգծված անհատականություններ դարձան. Վլադիմիր Աբաջյան, Նինել Դալլաքյան, Արմեն Խոստիկյան, ուրիշներ: 1950-1951 թթ. ուսումնական տարվա դիպլոմային աշխատանքներն առանձնացան իրենց հասուն, ինքնատիպ ու հետաքրքիր դերասանական կատարումներով, թարմություն պարունակող մեկնաբանություններով: Արմեն Գուլակյանն ընտրել էր Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», Վ. Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականներ» և Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսները: Երեք բեմադրությունում էլ Խորեն Աբրահամյանը ստացել էր այնպիսի դերեր, որոնք լիուլի հնարավորություն էին տալիս նրան բացահայտելու իր դերասանական հմտությունները, ի ցույց դնելու ուսումնառության ընթացքում կուտակածը: Եվ այդ բոլոր դերակատարումների համար էլ Աբրահամյանը «գերազանց» գնահատական ստացավ’ պատահական ընտրությունը դարձնելով ճակատագրական: Ուշագրավ է, որ արդեն առաջին կուրսի ավարտին Աբրահամյանը փոխել էր իր մտադրությունը ֆիզկուլտուրայի ինստիտուտ տեղափոխվելու. նրան իրապես հրապուրել էր թատերական աշխարհը: Գուլակյանը հիմնովին փոխել էր նրա մտադրությունները’ ապացուցելով, որ ճշմարիտ ընտրությունն արդեն կատարված էր:
Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Առաջադրանքներ՝

  1. Ո՞ւմ էր պաշտում մեծ դերասանը. փոքրիկ տեղեկություն նրա մասին:                                           Խորեն Աբրահամյանը պաշտում էր Չարլիին:
  2. Կարմիրով նշիր դերասանին նկարագրող արտահայտությունները:
  3. Ինչպե՞ս ընդունվեց Խորեն Աբրահամյանը թատերական ինստիտուտ:                                           Նա որոշել էր ընդունվել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ, բայց քանի որ նա չկարողացավ ընդունվել ինստիտուտ, իր ընկերների խորհրդով գնաց Թատերական ինստիտուտ:
  4. Ո՞ր պիեսներում խաղաց Խորեն Աբրահամյանը. չմոռանաս դնել չակերտները:                           Սունդուկյանի «Քանդած օջախ», Վ. Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականներ» և Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսները:
  5. Դուրս գրիր հատուկ անունները:                                                                                                              Խորեն Աբրահամյան, Ֆրունզե Դովլաթյան, Հարություն Բաբաջանյան, Առնո Բաբաջանյան, Էմիլ Գաբրիելյան, Վաղինակ և Անահիտ Դովլաթյաններ, Չապլինին, Ազիզբեկովի հրապարակ, Մոսկվա, Վլադիմիր Աբաջյան, Նինել Դալլաքյան, Արմեն Գուլակյան,. Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», Վ. Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականներ» և Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսները:
Реклама